«Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է իր հողերի դեօկուպացիային: Նման իրավիճակում ցանկացած պետություն նույն կերպ կվարվեր: Ոչ ոք չի կարող մեղադրել Ադրբեջանին այս հարցում»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Trend-ը:
Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ անհրաժեշտ է միավորել ջանքերը խնդրի խաղաղ կարգավորման համար: Այդ հարցում պետք է կիրառել միջազգային ընդունված նորմեր: Սակայն Աբիևի կարծիքով, Ադրբեջանը չի արժանանում համապատասխան միջազգային վերաբերմունքի:
Համանախագահների և Աբիևի հանդիպման ժամանակ քննարկվել է իրավիճակը հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում:






































