«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «21-րդ դար Թուրքիա» ինստիտուտի փորձագետ Սիբել Քալեմդարօղլուն։
– Հունիսի 22-ին Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից թուրքական F-4 մարտական ինքնաթիռի կործանումից հետո արդյոք հնարավո՞ր է թուրք-սիրիական պատերազմ` հաշվի առնելով, որ այդ միջադեպից հետո երկու կողմն էլ, և հատկապես Թուրքիան, սկսեցին ռազմական տեխնիկա կուտակել միմյանց սահմանին:
– Ինքնաթիռի միջադեպն ավելի սրեց 2011 թվականին Սիրիայում ժողովրդական հուզումներից հետո թուրք-սիրիական վատթարացած հարաբերությունները: Թուրքական ինքնաթիռը խփվել է միջազգային օդային տիրույթում, ինչի համար էլ բնական եմ համարում միջադեպից հետո Թուրքիայի ձեռնարկած ռազմական քայլերը: Սակայն իմ կանխատեսմամբ` տեղի չի ունենա այս ճգնաժամի հետագա էսկալացիա, և երկու երկրները չեն պատերազմի միմյանց դեմ:
– Ինքնաթիռի միջադեպից հետո Թուրքիան տեղի ունեցածի համար Սիրիայից պահանջեց ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել: Ի՞նչ եք կարծում` Սիրիան կկատարի՞ այդ պահանջները, թե՞ կգնա Իսրայելի ճանապարհով, որը «Մավի Մարմարայի» միջադեպից հետո ցայժմ հրաժարվում է Թուրքիայից ներողություն խնդրել ու փոխհատուցում վճարել:
– Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթին տված հարցազրույցից պարզ է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարյուր տոկոսով արդեն իսկ զղջացել է թուրքական ինքնաթիռի կործանման համար:
– Հաշվի առնելով Սիրիայի տարածաշրջանային կարևոր դերը` ի՞նչ եք կարծում` Թուրքիան ցանկանո՞ւմ է ամեն գնով տապալել Ասադի վարչակարգը: Ինչպե՞ս են թուրք-սիրիական հարաբերություններն ազդում Իրանի ու Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների վրա:
– Արևմուտքը ցանկանում է Մերձավոր Արևելքում տապալել Սիրիայում ու Իրանում գործող ռեժիմները և վերացնել Լիբանանում «Հըզբոլլահի» ազդեցությունը: Արևմուտքին ու Սաուդյան Արաբիայի նման շիական փոքրամասնություն ունեցող տարածաշրջանի երկրներին մեծապես վախեցնում է շիա Իրանի ազդեցության տարածումը: Այդ պատճառով էլ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Կատարը հայտնվել են մի ճամբարում, իսկ Սիրիան ու Իրանը` մեկ այլ: Իրանի համար Սիրիան ամենակարևոր ռազմավարական դաշնակիցն է: Իրաքը նույնպես մոտ է կանգնած Իրանին և սպառնում է ԱՄՆ տարածաշրջանային շահերին: Ասադին իշխանությունից հեռացնելու ձգտումը պայմանավորված է Իրանին շրջափակելու գործոնով: Թուրքիան այս հարցում համագործակցում է Արևմուտքի հետ: Թուրքիան տեղ է զբաղեցրել արևմտյան ճամբարում, որպեսզի հայտնվի հաղթողների շարքում: Մերձավոր Արևելքը վերակառուցվում է: Թուրքիան ցանկանում է մոդել-երկիր հանդիսանալ Մերձավոր Արևելքի նոր ռեժիմների համար: Ինչ վերաբերում է Իրանին, ապա, Սիրիայի հարցից բացի, Թուրքիան այդ երկրի հետ բաց հակամարտության մեջ է Մալաթիայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման պատճառով: Ռուս-թուրքական հարաբերություններն առավել պրագմատիկ են և իմ կանխատեսմամբ` վատթարացում չեն ապրի Սիրիայի պատճառով: Ռուսաստանը չի ցանկանա սպառնալիքի ներքո կառուցել Աքքույու վայրում ատոմակայան ու նախագծել «Հարավային հոսք» գազատարը:
– Արդյոք սիրիական ճգնաժամի կարգավորումը բեկումնային պահ կլինի՞ Թուրքիայի արտաքին քաղաքականության համար. կա՛մ Թուրքիան հայտնվելու է «գլխիկոր» վիճակում և վերադարձ է կատարելու պասիվ արտաքին քաղաքականության, կա՛մ էլ
Թուրքիան, ինչպես հայտարարել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, կարող է դառնալ ակտիվ շարժիչ ուժ, որը «կկարգավորի փոփոխությունների ալիքը» Մերձավոր Արևելքում:
– «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը վարում է Ահմեդ Դավութօղլուի առաջ քաշած և «Զրո խնդիր` հարևանների հետ» անվանումը ստացած քաղաքականությունը: Ըստ այդ քաղաքականության` Թուրքիան պետք է հատկապես ընդլայներ իր հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկրների հետ: Սակայն իրավիճակը հասել է այս կետին, և մենք տեսնում ենք, որ այդ քաղաքականությունը տապալվել է: Իրանի հետ հարաբերությունները վատթարացել են Մալաթիայում հակահրթիռային վահանի տեղակայման պատճառով: Իրաքի ղեկավարությունը Մալիքի-Հաշիմի առճակատումից առաջացած ճգնաժամի պատճառով Թուրքիային բաց ձևով մեղադրում է թշնամության մեջ: Սիրիայի հետ վիճակն այսպիսին է: Մենք տեսանք, որ Թուրքիայի կառավարությունն անպատրաստ դիմավորեց «Արաբական գարունը»: Սակայն ես հավատում եմ, որ կառավարությունը կարճ ժամանակ անց դուրս կգա ստեղծված իրավիճակից, և Թուրքիան վերստին ակտիվ դեր կխաղա Մերձավոր Արևելքում: Ամեն դեպքում դա տեղի կունենա Արևմուտքի հետ համագործակցության պայմաններում:
– Սիրիական ճգնաժամն ինչպե՞ս է ազդում Թուրքիայի կովկասյան քաղաքականության վրա:
– Սիրիական ճգնաժամն օժտված է իր հետևանքները Կովկասում տարածելու պոտենցիալով: Դրա պատճառն այն է, որ Ադրբեջանն Իրանի ամենակարևոր ռազմավարական դաշնակից Սիրիայի հարցում աջակցում է Թուրքիային: Ադրբեջանը հայտարարել է, որ աջակցում է Թուրքիայի սիրիական քաղաքականությունը և սիրիական ճգնաժամի հարցում կանգնած է Թուրքիայի թիկունքին: Սիրիային դեմ լինելը և Թուրքիայի կողքին կանգնելը նշանակում է դեմ լինել Իրանին: Իրանա-ադրբեջանական ճգնաժամի պատճառով կարող է գործարկվել նաև հայ-ադրբեջանական ճգնաժամը: Հայ-ադրբեջանական ճգնաժամը կարող է ձեռնտու լինել Իրանին, քանի որ Իրանը ցանկանում է իր վրա գործադրվող ճնշումը նվազեցնելու համար առաջացնել այլ ճգնաժամեր:








































