Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ թուրքագետ Արտակ Շաքարյանը անդրադարձավ այն տեղեկատվությանը, որ Թուրքիան ապրիլի 24-ին պատվիրակ է ուղարկելու Հայաստան:
Հիշեցնենք, որ տեղեկությունը տարածել է թուրքական Sabah պարբերականը: Մինչ մեկնաբանություններ տալը, Շաքարյանը հարկ է համարում չմոռանալ, որ Sabah-ը կանգնած է թուրքական կառավարությանը շատ մոտ և միշտ պետական ինֆորմացիա է հայտնում` մինչ պաշտոնական հրապարակումը, ինչպես եղավ 2009 թ., երբ Սաբահը առաջինը գրեց ճանապարհային քարտեզի ստորագրման մասին:
«Եթե թուրք պատվիրակը գա Հայաստան՝ ցավակցելու մեզ, ապա դա նպատակ ունի ծառայելու որպես ևս մեկ պատրվակ, որպեսզի Օբաման այս տարի էլ չօգտագործի Ցեղասպանություն բառը»,- Sabah-ի հայտարարությունը մեկնաբանում է քաղաքագետը: Ըստ Շաքարյանի` այս քայլը, ինչպես նաև 3000 ստորագրությունների ակցիան միայն դիվանագիտական քայլ են:
Շաքարյանը առաջարկում է նաև մյուս կողմից նայել հարցին` պատվիրակի այցը Հայաստան կարող է քայլ լինել դեպի Ցեղասպանության ճանաչումը: «Պետք չէ ակնկալել, որ Թուրքիան մի օր միանգամից կընդունի Ցեղասպանությունը: Դրան աստիճանաբար պետք է գալ»,-ասում է թուրքագետը:
Պատվիրակի այցը կարող է նման քայլ լինել, քանի որ թուրքական կառավարությունը պայքարում է ծայրահեղական կազմակերպությունների դեմ:











































