Ճապոնիայում այսօր նշում են ավանդական տանաբատա տոնը, որը հաճախ անվանում են նաև «աստղերի փառատոն»: Այս օրը, եթե հավատանք առասպելին, իսկական սերը կարողանում է հաղթահարել ժամանակն ու տարածությունը: Չնայած տոնը սկզբնավորվել է Չինաստանում` հեռավոր 755 թվականին, սակայն ամրապնդվել և լայն մասսայականություն է վայելում Ճապոնիայում:
Այս օրը ընդունված է ցանկություն պահել, այն գրառել թղթի վրա և թուղթը կապել բամբուկի ճյուղին: Այնուհետև նման գրությունները գցում են գետի հոսանքի մեջ կամ այրում են կեսգիշերին: Տարբեր քաղաքներում փառատոներ են անցկացվում, փողոցները զարդարում են գունավոր ծաղիկներով:
Համաձայն հնագույն չինական ավանդության` երկնային կայսեր դուստր գեղեցկուհի Օրիհեման ամեն օր հագուստ էր կարում գետի ափի մոտ: Մի օր նա տեսավ գեղեցիկ երիտասարդ Հիկոբոսին և սիրահարվեց նրան: Թողնելով իր ամենօրյա զբաղմունքը` աղջիկը ամբողջ օրն անցկացնում էր իր սիրեցյալի հետ: Բայց դա դուր չէր գալիս աղջկա հորը, որը բաժանեց նրանց` թույլ տալով հանդիպել միայն տարին մեկ անգամ` հուլիսի 7-ին: Օրիհեմային նույնացնում են վառ աստղ Վեգայի հետ, իսկ Հիկոբոսին` Ալտաիրի հետ: Այս երկու աստղերը հուլիսի 7-ին առավելագույնս մոտենում են իրար:







































