Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ամփոփել է այս տարվա երկրորդ եռամսյակն ու ներկայացրել «սև ցուցակ», որտեղ ներառված անձինք կամ նրանց գլխավորած կազմակերպությունները խախտել են մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը:
Ցուցակը գլխավորում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա ղեկավարած Հանրապետական կուսակցությունը։
Մայիսի 25-ին կենտրոնը գրավոր հարցում էր ուղարկել կուսակցությանը` մայիսի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպած միջոցառման ժամանակ տեղի ունեցած պատահարի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով:
Կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանել է, թե կոնկրետ ինչ հարցում է արվել. – «Թե քանի փուչիկ է գնվել, փուչիկների ձեռքբերման համար որքան գումար է ծախսվել, և որ կազմակերպությունն է եղել վաճառող կազմակերպությունը։ Կրկնակի հարցումը մնաց անպատասխան»։
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Կարեն Ավագյանն այս մեղադրանքները որակեց անհիմն:
«Մեր մամուլի ծառայությունը միշտ եղել է հասանելի, եթե այդքանից հետո մարդիկ փորձում են գնահատականներ տալ, կոպիտ ասած` իրենց մեղքը իրենց վիզը», – նշել է Ավագյանը։
Մայիսի 4-ին Երևանի Հանրապետության հրապարակում Հանրապետական կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցավ գազով լիցքավորված փուչիկների պայթյուն, որի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ այրվածքներ և այլ վնասվածքներ ստացան։
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «սև ցուցակում» ընդգրկված են նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսն ու Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, որոնք, ըստ Դոյդոյանի, չեն տրամադրել տեղեկատվություն նախընտրական քարոզչության վրա ծախսված գումարների վերաբերյալ:
Նշված կազմակերպություններից և ոչ մեկը դեռևս չի բողոքարկել և պարզաբանում չի պահանջել կենտրոնից: Կենտրոնն էլ չի բավարարվել միայն ցուցակ հրապարակելով և դատական գործընթաց է սկսել երկու կուսակցությունների` «Բարգավաճ Հայաստան»-ի և Դեմոկրատական կուսակցության նկատմամբ:
Հայ ազգային կոնգրեսի դեմ դատական գործընթաց չսկսելը Շուշան Դոյդոյանը այսպես է բացատրել. – «Երկու տարի առաջ մենք իրենց հետ դատական գործի մեջ եղել ենք, կրկնակի անգամ նույն հարցով մտնել դատարան` իմաստ չունի»։
Ազգային ժողովում Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չի ցանկացել մեկնաբանություն տալ այս հարցով` չկարևորելով այս կենտրոնի հրապարակած ցուցակը և որակելով այն «անլուրջ»:
«Բարգավաճ Հայաստան»-ի մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ իրենց կուսակցությունը և անձամբ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը մի շարք գործողություններ են իրականացնել, այդ թվում` իրեն հասարակայնության հետ կապերի պատասխանատու նշանակելով, որպեսզի բոլոր հետաքրքրվողներին բաց ու թափանցիկ տեղեկատվութոյւն տրամադրի:
«Ցանկացած, այդ թվում` այդ իմաստով, սև գույն պատկերող ցուցակի մեջ ներգրավելը ինձ համար զարմանալի է», – նշել է Ուրիխանյանը։
Նա ասել է, թե կպարզի, թե ինչ ձևաչափով է կուսակցությանը ուղղվել դիմումը, քանզի բոլոր ցանկացողներին պատրաստ են տրամադրել այդ տեղեկատվությունը:
«Ֆինանսական գործողությունների առումով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համապատասխան տեղեկություններ տրամադրել է լիազոր պետական հսկող մարմնին։ Ցանկացած պարագայում, ուզում եմ նշել, որ մենք որևէ թաքցնելու բան, բնականաբար, չունենք։ Եթե կլինի դատական գործընթաց, բնականաբար, մենք կուսումնասիրենք նյութերը և հանդես կգանք պատասխան գործողություններով», – ասել է Տիգրան Ուրիխանյանը։








































