Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները ՆԱՏՕ-ին կոչ են արել և անում են բուֆերային և ոչ թռիչքային գոտիներ ձևավորել Սիրիայում, ինչպես որ ժամանակին արվել է Իրաքի պարագայում: Այս մասին հայտնում են արևմտյան դիվանագիտական աղբյուրները:
Վերջիններիս տեղեկացմամբ՝ դա տեղի է ունեցել Սիրիայի կողմից հունիսի 22-ին Միջերկրական ծովում թուրքական ինքնաթիռի կործանումից հետո Թուրքիայի պահանջով ՆԱՏՕ-ում անցկացրած խորհրդաժողովի ժամանակ:
Դրանում Անկարան ներկայացրել է «Սիրիայի հանդեպ արտակարգ գործողությունների» պլանը, ինչը պետք է գործի դրվի Սիրիայից Թուրքիա փախստականների մեծ ներհոսքի դեպքում: Սակայն թուրքական նախաձեռնությունը ջերմորեն չի ընդունվել ՆԱՏՕ-ի խորհրդում: Դա մասնավորապես վերաբերում է ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային, որոնք համարել են, որ ներկա փուլում պետք է սահմանափակվեն Թուրքիային միայն քաղաքական աջակցություն ցուցաբերելով:








































