Լոնդոնում հուլիսի վերջին մեկնարկելիք ամառային օլիմպիական խաղերի ջահը իր եզրափակիչ «շրջագայությունը» կկատարի Թեմզա գետում՝ թագավորական «Գլորիանա» նավով, որը կառուցվել էր Էլիզաբեթ ΙΙ-ի գահակալության ադամանդե հոբելյանի առիթով:
Նավում ջահի «շրջագայությանը» կմասնակցեն թիավարման բազմակի օլիմպիական չեմպիոններ Ստիվ Ռեդգրևը և Մեթյու Փինսենթը:
«Գլորիանա» նավը, որն ունի 30 մետր երկարություն և կշռում է 10 տոննա, 18 շաբաթում կառուցվել է 60 նավաշինարարների կողմից, և հուլիսի 3-ին ջուրը իջեցվել է, որպեսզի նավը գլխավորի միապետի պատվին անցկացված 1000 նավերի շքերթը Թեմզայում:
Լոնդոնում շուտով կավարտվի օլիմպիական ջահի էստաֆետան: Այն 8000 ջահակիրների օգնությամբ հաղթահարել է 12 հազար 874 կմ: Օլիմպիական ջահն անցել է Անգլիայի բոլոր կոմսություններով, Շոտլանդիայի, Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի բոլոր վարչական շրջաններով, ինչպես նաև հարևան անկախ Իռլանդիայի տարածքով: Երթուղին այնպես է հարմարեցված եղել, որ ջահը կարողանա տեսնել երկրի բնակչության 95 տոկոսը:









































