Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը կարող է վարձավճարի նվազեցման նպատակով նվազեցնել Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վարձակալված տարածքը: Այս մասին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը.
«Բանակցությունները շարունակվում են, և դեռ վաղաժամ է արդյունքների ամփոփումը: Ռուսաստանի կողմից վարձակալվող հողատարածքի նվազեցման հարցը վերջնականապես կմշակվի մոտակա ամիսներին: Գաբալայի ՌՏԿ-ն զբաղեցնում է 250 հեկտար հողատարածք և հանդիսանում է Ռուսաստանի հակահրթիռային պաշտպանության 9 կարևոր բաղադրատարրերից մեկը»:
Գաբալայի ՌՏԿ-ի գործունեության հեռահարությունը կազմում է 6500-8000 կիլոմետր: Դա բավական է, որպեսզի կայանն արձանագրի Հնդկական օվկիանոսի ջրատարածությունում հրթիռների արձակումը և հետևի դրանց թռիչքի հետագծին: ՌՏԿ-ի տեսադաշտում ամբողջությամբ գտնվում են Թուրքիան, Իրաքը, Իրանը, Հնդկաստանը և Մերձավոր Արևելքի բոլոր երկրները:












































