Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան տեղի է ունեցել Աբխազիայի անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Դրանում քննարկվել է Վրաստանի հետ սահմանակից Գալի շրջանում տիրող իրավիճակը:
Նշվել է, որ վերջին շրջանում այստեղ շատացել է ծանր հանցագործությունների թիվը՝ ահաբեկչություններ, Աբխազիայի հատուկ ծառայությունների աշխատակիցների նկատմամբ դիվերսիաներ, զինված հարձակումներ, խաղաղ քաղաքացիների թալանման դեպքեր, սպանություններ, փրկագին ստանալու նպատակով երեխաների առևանգումներ:
Այս տարի Գալի շրջանում սպանվել է 8 մարդ, այդ թվում՝ իրավապահ մարմինների 3 աշխատակից: Նշվում է, որ այդ ակցիաներն իրականացվում են Վրաստանի ՆԳՆ-ի սահմանադրական անվտանգության դեպարտամենտի ղեկավարությամբ:
Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը հայտարարել է, որ անհրաժեշտ է ստեղծել կոորդինացիոն խմբեր, որոնք կփոխգործակցեն ուժային կառույցների հետ:







































