Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ օրեր առաջ Red Hack անվանմամբ հայտնի ցանցահենային խումբը կոտրել էր Թուրքիայի ԱԳՆ-ի կայքը, իսկ ավելի վաղ՝ Թուրքիայի ՆԳՆ-ի կայքը և թուրքական հատուկ ծառայություններից մեկի էջը:
«Կարմիր ցանցահենները», կոտրելով Թուրքիայի ԱԳՆ-ի կայքը, նրանում տեղադրել էին «Պատերազմի և ստրկության նախարարություն» արտահայտությունը: Դրա ներքևում ցանցահենները տեղադրել էին երկու մեծ լուսանկարներ, որոնցից մեկում Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Էրդողանը սեղմում է ներկայումս հանգուցյալ Մուամար Քադաֆիի ձեռքը, իսկ երկրորդում՝ Սիրիայի ներկայիս նախագահ Բաշար Ասադի ձեռքը:
Ֆոտոն ուղեկցվում էր հետևյալ գրություններով. «Երեկ եղբայրներ, այսօր՝ թշնամիներ», «Չենք պատերազմելու հանուն իմպերիալիզմի, որը դրդում է, որ երկու եղբայրական ժողովուրդները բախվեն միմյանց»:
Ցանցահենները զգուշացրել էին, որ կշարունակեն իրենց ճնշումները ԱԳՆ-ի կայքի վրա այնքան, քանի դեռ Թուրքիան կշարունակի դրսից թելադրված իր արտաքին քաղաքականությունը: Բացի այդ, ցանցահեններին հաջողվել էր տիրանալ ԱԳՆ-ի սերվերում պահվող էլեկտրոնային փաստաթղթերին:
Այս ամենից հետո Red Hack ցանցահենային խումբը պաշտոնապես ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն:









































