Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսն ավարտել է իր դիվանագիտական գործունեությունը: Երեկ ԱՄՆ անկախության 236-ամյակի կապակցությամբ դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ Ջոն Բասսը հայտարարել է, որ իր կնոջ հետ Վրաստան կվերադառնա արդեն որպես շարքային զբոսաշրջիկ:
Բասսը հավելել է, որ իրենք այդ ժամանակ հնարավորություն կունենան տեսնելու ավելի զարգացած ու առաջընթաց ապրած Վրաստան: ԱՄՆ անկախությանը նվիրված ընդունելությունը վերջին պաշտոնական արարողությունն էր, որում Ջոն Բասսը հանդես եկավ որպես Վրաստանում ԱՄՆ դեսպան: Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2009 թվականի ամռանը: Այժմ նրան փոխարինելու է Ռիչարդ Նորլանդը:








































