Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն չի ընդունել մեղադրանքները: Այս մասին նա հայտարարել է այսօր սենատորների և պատգամավորների արտահերթ նիստի ժամանակ:
Նիստում ներկայացվել են պետության ղեկավարի հրաժարականի պահանջի իրավաբանական հիմքեր: Բեսեսկուն մեղադրվում է սահմանադրության խախտման, կաբինետի աշխատանքի խոչընդոտման, արդարադատության ճնշման և այլ խախտումների մեջ:
«Ես չեմ խաբել մարդկանց: Ես ասել եմ նրանց, թե իրականում ինչ կարող է անել կառավարությունը, քանի որ այդպիսին էին պայմանավորվածությունները Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ»,- ասել է Տրայան Բեսեսկուն:
Ինչպես ակնկալվում է, նախագահի դեմ ներկայացված մեղադրանքների կապակցությամբ վաղն իր եզրահանգումն է ներկայացնելու նաև Սահմանադրական դատարանը, որից հետո նախատեսվում է քվերակություն անցկացնել խորհրդարանում: Եթե պատգամավորների մեծ մասը կողմ քվեարկի նախագահի պաշտոնաթող լինելուն, ապա ռումինական պետության ղեկավարի ճակատագիրը որոշելու է համաժողովրդական հանրաքվեն, որը պետք է անցկացվի մոտակա 30 օրվա ընթացքում:








































