Հրապարակախոս, ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը, անդրադառնալով Սահմանադրության տոնին, նշել է, որ այն լիարժեք տոնելու համար հարկ է, որ հասարակությունն ինքը գիտակցի Սահմանադրության արժեքը և տոնի զգացում ունենա, այսինքն՝ տոնական տրամադրություններ լինեն հասարակության գերակշիռ մասի մոտ:
Սակայն, նրա խոսքով, այսօր անգամ անկախության գիտակցումը դեռևս բավարար չի ընկալվում մեր ժողովրդի կողմից, սակայն ամեն դեպքում իսկապես մեծ առաջընթաց կա հասարակական ընկալումներում անկախության և Սահմանադրության տոների հանդեպ:
Նա ասել է, որ քաղաքացիական հանրույթի մոտ այդ գիտակցումը կա, սակայն մեր հասարակության մեջ դեռևս մեծ է հպատակի հոգեվիճակով ապրող զանգվածը:
«Վերջին ամիսներին քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվ պայքարը կամաց- կամաց մեզ մոտեցնում է այն հանգրվանին, որտեղ քաղաքացիական գիտակցությունը երկրում իրավիճակ է փոխելու` այդ թվում նաև Սահմանադրության և Անկախության տոների արժեքի գիտակցման և տոնելու հարցերում»,-ավելացրել է նա:











































