Հուլիսի 6-ին Արամ Խաչատրյանի համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հայ հանդիսատեսի դատին ևս մեկ անգամ կներկայացնի իտալացի կոմպոզիտոր Ջակոմո Պուչչինիի «Տուրանդոտ» օպերան:
Օպերան բաղկացած է երեք գործողությունից (հինգ տեսարանով), գրվել է ըստ Կառլո Գոցցիի նույնանուն պիեսի: Պուչչինին չի հասցրել ավարտել օպերան, այն ավարտել է նրա գործընկեր Ֆրանկո Ալֆանոն՝ ըստ երգահանի սևագրերի: Չնայած հետագայում մի քանի կոմպոզիտորներ ևս առաջարկել են «Տուրանդոտ»-ի ավարտի իրենց տարբերակները, ֆիլհարմոնիկը կկատարի հենց Ալֆանոյի ամբողջացրած օպերան։
«Տուրանդոտ»-ում իրադարձությունները ծավալվում են Պեկինում: Արքայադուստր Տուրանդոտի դերերգը կկատարի սոպրանո Սիրանուշ Գասպարյանը, Պինգի, Պանգի և Պոնգի դերերգերը՝ մեներգիչներ Պերճ Քարազյանը, Գուրգեն Բավեյանը և Սարգիս Աղամալյանը։ Կալաֆի դերում հանդես կգա հարավկորեացի տենոր Էնրիկո Լին:
Ի տարբերություն Պուչինիի մնացած՝ ավելի կամերային օպերաների, «Տուրանդոտ»-ն առանձնանում է լայնածավալ երգչախմբային հնչեղությամբ, որը երևանյան կատարման ժամանակ կապահովեն Հայաստանի պետական ակադեմիական և մանկական «Սպեղանի» երգչախմբերը:
Տուրանդոտն առաջին անգամ բեմադրվել է 1926 թ. ապրիլի 25-ին Միլանի Լա Սկալա թատրոնում:
«Տուրանդոտը» համարվում է Պուչչինիի լավագույն ստեղծագործություններից մեկը, հատկապես հայտնի է օպերայի գործող անձանցից մեկի՝ Կալաֆի Nessun dorma մեներգը (արիան):