Ինչպես հաղորդում են հայկական ու ադրբեջանական ԶԼՄ-ները, վերջերս Լեռնային Ղարաբաղի շփման գծում ավելացել են կրակոցները: Այս մասին փաստում է նաև Միջազգային ճգնաժամային խումբը «Լեռնային Ղարաբաղի մասին» տարեկան զեկույցում:
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը ևս հաստատել է շրջանառվող այն լուրը, որ Ադրբեջանը ձեռք է բերել մեծ քանակությամբ հրազեն և պատրաստում է դիպուկահարների խմբեր: Կարապետյանը նաև նշել է, որ հայկական կողմը միայն պաշտպանական բնույթի միջոցառումներ է ձեռնարկում:
Պաշտպանության նախարարի խոսնակն ընդգծել է, որ միջազգային հանրությունը մշտապես հանդես է գալիս զինված ուժերի շփման գծից դիպուկահարներին հեռացնելու հորդորով, սակայն Ադրբեջանը չի ընդառաջում այդ հորդորներին, ուստի հայկական կողմը ստիպված է խնդրի լուծման այլ տարբերակներ գտնել:
«Եթե մեր քայլերը հանգեցնեն նրան, որ ադրբեջանական դիպուկահարները դադարեցնեն իրենց գործողությունները, կարծում եմ` Արևմտյան գործընկերները և, ընդհանրապես, ղարաբաղյան հակամարտության մեջ միջնորդական առաքելություն իրականացնող պետությունները միայն շահագրգռված կլինեն»,- ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակը:
Ինչպես հայտնել է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, արդարացվում են հայկական կողմի նախաձեռնած ինքնապաշտպանական գործողությունները:
«Մենք չպետք է թույլ տանք, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից և պետք է չեզոքացնենք այդ վտանգի աղբյուրը»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Դավիթ Բաբայանը: Ըստ նրա` շփման գծում լարվածությունը առաջիկայում ավելի է խորանալու:
Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկա օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ստեփանակերտ այցի ընթացքում Ղարաբաղի իշխանությունները բարձրացնելու են այդ բոլոր հարցերը:











































