Ինչպես հաղորդում է The New York Times օրաթերթը, Եգիպտոսի տարբեր քաղաքներում տեղի են ունենում գործադուլներ, որոնց ընթացքում առաջ են քաշվում ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական պահանջներ:
Գործադուլ են հայտարարել Սուեզի ջրանցքը կառավարող ընկերության ավելի քան 6,000 աշխատակիցներ: Սակայն, ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Միջերկրական ծովը Հնդկական օվկիանոսի հետ կապող այս կարևորագույն հանգույցի աշխատանքների վրա դա չի ազդել:
Կահիրեում գործադուլ են անում քաղաքի կոմունալ ծառայության աշխատակիցները, որոնք պահանջում են իրենց ընկերության ղեկավարության հրաժարականը: Գործադուլներ են արվում նաև Սուեզի այլ ընկերություններում, ինչպես նաև Լուքսորում, Մահալլայում, Ասուանում, Քեսնայում:
Կահիրեում գործադուլ են հայտարարել նաև «Ալ Ահրամ» պետական թերթի լրագրողները, որոնք պահանջում են ապահովել խոսքի ազատություն, ինչպես նաև իրենց սպանված երկու գործընկերների ընտանիքներին հատկացնել փոխհատուցում:
Այս գործադուլները սպառնում են վերջնականապես կաթվածահար անել եգիպտական ամբողջ տնտեսությունը, որն առանց այն էլ զգալիորեն տուժել է վերջին շաբաթների բողոքի ակցիաների պատճառով: