Տավուշի մարզի Նավուր գյուղում այսօր` հունիսի 27-ին, նռնակի պայթյունից վիրավորված 62-ամյա Բորիս Պետրոսյանը տեղափոխվել է Բերդի հիվանդանոց. նրա վիճակը ծայրահեղ ծանր է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Բերդի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Համլետ Պետրոսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ տուժածը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին կորցրել է գիտակցությունը և ընկել կոմայի մեջ: «Քանի որ մեր բուժհաստատությունը վերակենդանացման բաժանմունք չունի, հիվանդը տեղափոխվել է հիվանդասենյակ»,- ասաց Համլետ Պետրոսյանը՝ հավելելով, որ նյարդավիրաբույժի հետ խորհրդակցելուց հետո եկել են եզրահանգման՝ նրան պետք է տեղափոխել Երևան: «Այս պահի դրությամբ, սակայն, սպասում ենք Բորիս Պետրոսյանի հարազատների համաձայնությանը»,- նշեց բժիշկը:
Հիշեցնենք. Տավուշի մարզի Նավուր գյուղում այսօր՝ հունիսի 27-ին, կնոջ հետ ընտանեկան վեճի պատճառով տղամարդը նռնակ էր գործի դրել, որի հետևանքով զոհվել էր 3 մարդ՝ ինքը՝ տղամարդը՝ 1959 թվականին ծնված Վալենտին Սարգսյանը, նրա կինը և կնոջ ընկերուհին:





































