Հունիսի 22-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության եւ «Artists for Kids» կազմակերպության համատեղ ջանքերով Փասադենայի հայտնի «The Ambassador Auditorium» դահլիճում կայացել է աշխարհահռչակ հայտնի սոպրանո Հասմիկ Պապյանի համերգը, որին ներկա են եղել շուրջ 1200 հայ եւ օտարազգի հանդիսականներ:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:
Միջազգային տարբեր մրցանակների ու կոչումների արժանացած երգչուհուն նվագակցում էր Գլենդելի Սիմֆոնիկ նվագախումբը՝ Միքայել Ավետիսյանի ղեկավարությամբ:
Համերգի ծրագրում ներառված են եղել արիաներ իտալական, գերմանական ու հայկական լավագույն օպերաներից, ինչպես նաև հատվածներ Կոմիտասի հայտնի գործերից:
Համերգին ներկա են եղել ամերիկյան մշակութային գործիչներ և Լոս Անջելեսի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Համերգի հասույթը հատկացվելու է շաքարախտով հիվանդ դեռահասների բուժման ծրագրին:








































