Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) կառուցումը գնահատվում է 7 միլիարդ դոլար: Խողովակաշարի տրամագիծը կազմելու է 56 դյույմ կամ 1.4 մետր: Այս մասին հայտարարել է SOCAR-ի ներդրումային վարչության ղեկավար Վագիֆ Ալիևը:
Վերջինիս խոսքերով՝ խողովակաշարի այդ չափերը հետագայում հնարավորություն կտան աստիճանաբար մեծացնել նրա հզորությունը. «Նախատեսված է նախագիծը կյանքի կոչել 4 փուլով: Առաջին փուլը կավարտվի 2018 թվականին, 2020 թվականի դրությամբ՝ խողովակաշարի տարեկան թողունակությունը կազմելու է 16 միլիարդ խորանարդ մետր: 2023 թվականին այդ ցուցանիշը կհասցվի մինչև 23 միլիարդ խորանարդ մետրի, իսկ 2026 թվականին՝ մինչև 31 միլիարդ խորանարդ մետրի:
TANAP նախագծի իրագործմամբ Թուրքիայում SOCAR-ի ներդրումների ծավալը կհասցվի մինչև 17 միլիարդ դոլարի»:









































