Երևանի քաղաքապետարանն ու «Ամերիաբանկը» հունիսի 1-ից հանդես են եկել «Երազանքների պատ» ծրագրով, որն իրականացվում է «Ավելին իրագործելու ազատություն» կարգախոսի ներքո: Նպատակն է բարելավել Երևան քաղաքի արտաքին տեսքը՝ իրագործելով քաղաքացիների ցանկությունները:
Իրենց առաջարկությունները քաղաքացիները փակցնում էին երազանքների պատերին, որոնք «Ամերիաբանկը» տեղադրել էր քաղաքի տարբեր մասերում:
Երևան քաղաքի առաջին նվերը եռաչափ պատկերի ստեղծումն էր Ազնավուրի անվան հրապարակում: Նկարի հեղինակը գերմանացի աշխարհահռչակ 3D նկարիչ Նիկոլայ Արնդտն է: Բացումը տեղի ունեցավ հունիսի 26-ին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Ամերիաբանկի» տնօրեն Արտակ Հանեսյանի մասնակցությամբ:
Արտակ Հանեսյանը նշեց, որ «Երազանքների պատին» փակցված է եղել մոտ 4000 գրառում, որից 800-ը վերաբերում էր քաղաքի որևէ հատվածում եռաչափ նկար ունենալուն. «Այժմ իրականացվել է ցանկություններից մեկը: Ամերիաբանկը և Երևանի Քաղաքապետարանը, կամփոփեն բոլոր երազանքները, կմշակեն հատուկ նախագիծ, որը կներկայացնի երևանցիների հավաքական երազանքը:
Նա նաև նկատեց, որ քաղաքապետարանի հետ աշխատանքը ևս մի խթան է՝ կազմելու նոր ծրագրեր, որոնք կնպաստեն քաղաքի բարելավմանը:
Տարոն Մարգարյանն էլ իր խոսքում նշեց, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է ամեն ինչ անել Երևանն ավելի լուսավոր և բարեկարգ դարձնելու համար:
Նշենք նաև, որ եռաչափ ստրիտ-արտը Հայաստանում իրագործվում է առաջին անգամ: Նկարիչն այն իրագործել է 5 օրվա ընթացքում:












































