Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ ԵԽԽՎ-ի Մարդու իրավունքների ու իրավական հարցերի հանձնաժողովը հավանության է արժանացրել ԵԽԽՎ-ի (ավելի վաղ՝ միայն Ադրբեջանի) քաղբանտարկյալների գծով զեկուցող, գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի պատրաստած զեկույցը:
Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ-ի Մարդու իրավունքների ու իրավական հարցերի հանձնաժողովի այդ նիստից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Շտրասերը հայտարարել է, որ հանձնաժողովը հավանության է արժանացրել իր պատրաստած զեկույցը.
«Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի պատրաստման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ 2005 թվականից սկսած՝ այդ երկրի իշխանությունները տվյալ ոլորտում չեն համագործակցել Եվրոպայի Խորհրդի հետ:
Ես ցավում եմ, որ Ադրբեջանի իշխանությունները խոչընդոտեցին իմ այցն Ադրբեջան, ուր ես կարող էի տեղում ծանոթանալ իրավիճակի հետ: Ամեն անգամ իմ դիմումներին նրանք պատասխանում էին, թե իրենց երկրում չկան քաղբանտարկյալներ: Սակայն ես այդ կապակցությամբ նշել եմ 89 անուն և այդ ցանկը ներկայացրել եմ իշխանություններին:
Հուսով եմ, որ հանձնաժողովի կողմից զեկույցի ընդունումից հետո Ադրբեջանի իշխանությունները կկատարեն դրանում նշված խորհուրդները՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ազատություններ, մանիպուլյացիայից հրաժարում, փաստաբանների գործունեության խոչընդոտումից հրաժարում և այլն:
Ես ողջունում եմ Ադրբեջանում 9 «խղճի բանտարկյալների» ազատ արձակումը և Ադրբեջանի իշխանություններին կոչ եմ անում ամբողջովին լուծել քաղբանտարկյալների հարցը: Ես պատրաստ եմ այցելել Ադրբեջան, սակայն միայն Եվրոպայի Խորհրդի կանոններին համապատասխան և ոչ թե որպես զբոսաշրջիկ (ինչպես որ պնդում է ադրբեջանական կողմը): Ադրբեջանում ինձ պետք է հնարավորություն տրվի հանդիպել քաղբանտարկյալների ցուցակում ընդգրկված անձանց հետ:
Իմ զեկույցը բաղկացած է 17 կետից: Քննարկումների ժամանակ զեկույցից հանվել էր 4 կետ, և ցավալի է, որ դրանց թվում հայտնվել է նաև այն կետը, որը վերաբերում էր իմ ադրբեջանական այցի նկատմամբ իշխանությունների դրած արգելքին, և դա արվել է ԵԽԽՎ նախկին (թուրք) ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի պնդմամբ:
ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում քննարկվելու է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը: Ես շնորհակալ եմ ադրբեջանցի իրավապաշտպաններին ու քաղաքացիական հասարակության ակտիվիստներին, որոնք զեկույցի պատրաստման հարցում աջակցեցին ինձ»:








































