Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գոհունակությունն է հայտնել սիրիական ՀՀՊ–ի կողմից խփված թուրքական ինքնաթիռի առնչությամբ ՆԱՏՕ-ի դիրքորոշման վերաբերյալ:
«Դաշինքի 28 անդամներ խստորեն դատապարտել են Սիրիային»,- մեջբերում են Էրդողանի բառերը տեղական ԶԼՄ-ները:
Վարչապետի կարծիքով` ՆԱՏՕ-ի անդամները ցույց տվեցին, որ որպես մեկ ամբողջություն են վերաբերվում պատահածին և կհետևեն գործընթացին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի RF-4E BBC հետախուզական ինքնաթիռը թռել էր թուրքական Մալաթիա նահանգի «Էրղաք» բազայից, իսկ թռիչքից մեկուկես ժամ հետո Միջերկրական ծովի օդային տարածքում կորել էր ռադարի էկրանից: Ավելի ուշ Սիրիայի պաշտոնյաները հաստատել էին, որ իրենց երկրի ջրային տարածքում խփել են թուրքական ռազմական օդանավ: Կիրակի օրը, սակայն, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ թուրքական ռազմական ինքնաթիռը Սիրիայի Հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից կործանվել է միջազգային օդային տարածքում և ընկել է Սիրիայի տարածքային ջրերում:











































