Ջերմուկ քաղաքի բնակիչ, 30-ամյա Արմեն Զ. Վարդանյանը, բնականաբար, արական սեռի ներկայացուցիչ է, բայց դատելով նրան առաջադրված մեղադրանքից՝ անուղղակի դիտավորությամբ հղի կնոջը ինքնասպանություն հասցնելը, կարելի է եզրակացնել, որ այդ երիտասարդի բովանդակային մասում ոչ միայն տղամարդկային, այլ նաև մարդկային ոչինչ չկա:
Դատեք ինքներդ. ըստ քրեական գործի նյութերի՝ Արմենը ծանոթացել ու մտերիմ հարաբերություններ է հաստատել Ջերմուկ քաղաքի բնակչուհի 33-ամյա Լարիսա Ա.-ի հետ, որը հետո վերածվել է սիրային հարաբերությունների: Անցյալ տարվա հունվարից մինչև օգոստոս նրանք հանդիպել են, գտնվել ինտիմ հարաբերությունների մեջ: Այդ ութ ամսվա ընթացքում Լարիսան հղիացել է և այնքան սիրահարված եղել Արմենին, որ սկզբում հավատացել է նրա ամեն խոսքին. Արմենը նրան խոստացել է, որ իրենք ամուսնանալու են, և քանի դեռ վայելել է աղջկա վստահությունը, չգիտես որտեղից և ինչ հանգամանքներում՝ մի վարկային պայմանագիր է ձեռք բերել, ըստ որի բանկից վարկ վերցնողը իբր Լարիսայի հորաքույրն է՝ Էլիզան: Որպեսզի Արմենը վարկը ստանա, անհրաժեշտ է եղել Էլիզայի ստորագրությունը: Վերջինս, բնականաբար, եթե իմանար նման պայմանագրի գոյության մասին, դժվար թե համաձայներ ստորագրել դրա տակ: Բայց այդ խնդիրը լուծելու համար Արմենը ստիպել կամ գուցե համոզել է Լարիսային՝ հորաքրոջ փոխարեն դնել իր ստորագրությունը և գրավ դնել ոչ ոսկյա զարդեր, ինչն էլ արել է 3 ամսական հղի վիճակում գտնվող աղջիկը: Արդյունքում՝ հայտնի չէ, թե որքան, բայց Արմենը վարկային գումար է վերցրել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Ջերմուկի մասնաճյուղից ու տնօրինել իր հայեցողությամբ: Դրանից հետո, երբ Արմենն արդեն հասել է իր նպատակին, փոխվել է նրա պահվածքը, վերաբերմունքը Լարիսայի նկատմամբ. այն դարձել է ցինիկ, արհամարհական՝ իմանալով, թե ինչ վիճակում է Լարիսան: Հրաժարվել է լինել նրա և ապագա երեխայի կողքին: Բացի դա, հրաժարվել է մարել բանկային վարկի գումարներն ու օրեցօր ավելացող տոկոսները և այդ բեռը թողել հղի կնոջ վրա:
Այսինքն` Արմեն Վարդանյանը որևէ գործողություն չի կատարել Լարիսային ստեղծված վիճակից հանելու համար, անտեսել է նրա հղի լինելը, փաստացի իր իսկ պատճառով ստեղծված դժվարին և անտանելի դրության ժամանակ հրաժարվել է Լարիսայի կողքին կանգնելուց, և իր այդ գործողություններով հոգեկան ծանր տառապանքներ է պատճառել նրան, ինչի հետևանքով վերջինս չհամակերպվելով իր նկատմամբ ցուցաբերած անսպասելի դաժան վերաբերմունքին, այլ ելք չգտնելով ստեղծված իրավիճակից դուրս գալու՝ կեղծիքի բացահայտման պայմաններում խոշոր չափի գումար հայթայթելու և հետագա բարդություններից խուսափելու նպատակով բանկի վարկը մարելու համար, կյանքին վերջ տալու նպատակով անցյալ տարվա օգոստոսի 1-ին խմել է առողջության համար վնասակար հեղուկ, ինչի հետևանքով հաջորդ օրը մահացել է:
Արմեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել քր օրի 110-րդ հոդվածի 2-րդ մասով: Խոսքը սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության հասցնելու մասին է, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ, և որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Արմեն Վարդանյանն առայժմ ստորագրությամբ ազատ է արձակվել: Բայց արդյո՞ք նրա արարքներին ամբողջական, լիարժեք իրավական գնահատական է տրված և արդյո՞ք միայն նա է մեղավոր: Մի կողմ թողնելով Լարիսայի հորաքրոջ անունով ձևակերպված վարկային պայմանագրի ի հայտ գալու հանգամանքները՝ անդրադառնանք թեկուզ միայն ստորագրելու հանգամանքին: Անձին վարկ տվող բանկը առնվազն պետք է ստուգի վարկառուի՝ պայմանագիրը ստորագրողի ինքնությունը՝ համապատասխան փաստաթուղթ՝ անձնագիր պահանջելով: Ուրիշ անձ իրավունք չունի այդ պայմանագիրը ստորագրելու, կամ երկրորդ տարբերակով՝ վարկառուի լիազորած (գրավոր) անձը կարող է նրա փոխարեն այդ պարտականությունը կատարել: Հետաքրքիր է, բանկերը որ այդքան ուշադիր են՝ չխաբվելու և գումարներ չկորցնելու հարցում, չե՞ն տեսել, որ պայմանագիրը ստորագրող աղջկա անձնագրի կամ լիազորագրի (եթե եղել է) տվյալները ոչ մի կերպ չեն համապատասխանում պայմանագրում նշված անձի՝ Էլիզայի տվյալներին:
Մնում է ենթադրել, որ տեսել են կեղծիքը, սակայն աչք են փակել: Ինչո՞ւ… Արդյո՞ք ոչ համատեղ շահագրգռվածությունից ելնելով… Արդյո՞ք այս հանգամանքը դարձել է քննության առարկա, և ինչու Արմեն Վարդանյանին մեղադրանք չի առաջադրվել Լարիսային կեղծիք կատարելուն դրդելու համար:
Հ.Գ. Եթե բանկը կանխեր այդ գործարքը և Լարիսան չընկներ նյութական ծանր կախվածության մեջ, գուցե կանխվեր ինքնասպանությունը, բայց եթե չի կանխվել, ուրեմն բոլոր մեղավորները պետք է պատժվեն իրենց գործողությունների և անգործության համար, ասենք՝ հնարավոր հանցանքի կամ դրա փորձի մասին իմանալու՝ չհայտնելու համար, էլ չեմ ասում հնարավոր խարդախության մասին:
Այսքանից հետո հնարավո՞ր է Արմեն Վարդանյանին տղամարդ կամ մարդ համարել. լավագույն դեպքում՝ 30 տարվա «ֆուտլյարի»՝ դատարկության հետ կարելի է համեմատել…








































