ՀԱԿ-ը օգտագործելու է ժողովրդի հետ կապը պաշտպանելու ցանկացած միջոց: Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ նորընտիր պատգամավոր Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ կառույցի մարզային բոլոր գրասենյակները յուրահատուկ կապ են ստեղծելու քաղաքական ուժի համակիրների և այդ ուժի ղեկավարության միջև, և այնտեղ գալով՝ մարդիկ հնարավորություն են ունենալու ներկայացնել իրենց հուզող խնդիրները:
Անդրադառնալով հայաստանյան իշխանություններին՝ Արամ Մանուկյանը նկատեց, որ ՀՀԿ-ն, որպես ուժ, իրականում գոյություն չունի: «Այսօրվա իրականության մեխը Բաղրամյան 26-ում է: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդամենը կատարածու է, որ ենթարկվում է ԱԺ դիմացի մայթին գտնվող շենքում նստող անձին: Բայց մենք հետամուտ ենք լինելու և հասնելու ենք իշխանափոխության՝ լինի դա հերթական, թե արտահերթ ընտրությունների ճանապարհով: Ժողովուրդը չի հանգստանալու, քանի դեռ իշխանափոխություն չի իրականացվել»,- ամփոփեց Մանուկյանը:











































