«Երևանի խաչմերուկներում տեղադրված են 32 արագաչափ և 20 տեսախցիկ, որոնք օրական 1500-ից 2000 խախտում են գրանցում: Եթե յուրաքանչյուր խախտումը հաշվենք միջինը 8000 դրամով, ապա ստացվում է օրական մոտ 35.000 դոլար:
Վերջին շրջանում երկու տեսախցիկ է տեղադրվել Ծերեթելիի խաչմերուկում և մեկ արագաչափ՝ Հալաբյան փողոցում: Շուտով դրանց թիվը կավելանա ևս 5-ով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ խորհրդային տարիներին, երբ որևէ նշան էր փոփոխվում կամ նորն էր տեղադրվում, ապա 10 օր վարորդներին խախտման համար չէին տուգանում, նույնիսկ սպիտակ լամպ էին տեղադրում, որ վարորդների ուշադրությունը գրավեն: Այսօր, ցավոք, նման բան չկա.
«Դրա վառ օրինակն է ապրիլի 20-ին Ռուբինյանց փողոցում տեղադրված արագաչափը, որը ծածկված էր սաղարթով և անտեսանելի էր վարորդների համար: Մեզ մոտ գրանցվել են բազմաթիվ բողոքներ: Մենք այն ժամանակ միայն կարողացանք օգնության հասնել վարորդներին, երբ ծառահատում էր իրականացվել: Այդպես 40 օր տեսախցիկը փաստում էր իբր խախտում, որը վարորդը չէր կատարել:
Քաղաքացին պատասխանատվության է ենթարկվում այն ժամանակ, երբ խախտում է սահմանված կարգը, բայց քանի որ կառավարության որոշմամբ չկա սահմանված կարգ, հետևաբար դրանք խախտում համարվել չեն կարող»:
ՀԿ նախագահը առանձնացրեց խախտման ևս մեկ դեպք. «Աշտարակ տանող ճանապարհին սպիտակ հիմնագույնի վրա գրված է՝ «Աշտարակ», այսինքն՝ այդտեղից սկսած գործում են երթևեկության կանոնները, և պետք է ընթանալ 60կմ|ժ արագությամբ: Բայց այդ ճանապարհը շրջանցում է Աշտարակը, չի մտնում Աշտարակ: Ուրեմն ինչի՞ համար են դրել: Բնականաբար, դրել են կոռուպցիոն նպատակով, ուրիշ էլ ինչի՞ համար պետք է դրվեր»:
Ամփոփելով՝ Է. Հովհաննիսյանն ասաց, որ փողոցներում արգելվում է նաև այնպիսի գովազդների տեղադրումը, որոնք կարող են շեղել վարորդների ուշադրությունը. «Այսօր այդ կարգը ևս չի պահպանվում: Օրինակ՝ դեղատների գովազդները, որ կանաչ գույնի են, վարորդը կարող է շփոթել կանաչ լույսի հետ»:











































