Յանգոնի դատարանը որոշում է կայացրել հօգուտ տեղի ընդդիմության առաջնորդ Աուն Սան Սու Չժիի եղբոր՝ վճռելով, որ Աուն Սան Ուն սեփականության իրավունք ունի քաղաքական գործչի տան մի մասի վրա: Associated Press-ի տեղեկություններով՝ դատավճիռը կայացվել է դեռ ուրբաթ օրը, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ:
Դատարանի որոշումը վերջակետ է դրել ազգականների միջև 12-ամյա տարաձայնություներին. ԱՄՆ-ում ապրող Աուն Սան Ուն իր առաջին հայցը ներկայացրել էր դեռ 2000 թ., սակայն այն չէր բավարարվել: Դրանից հետո ընդդիմադիր գործչի եղբայրը բողոքարկել էր դատավճիռը: Արդյունքում նա հաղթել է՝ չնայած այն բանին, որ Մյանմարի օրենքներով օտարերկրացիներն արգելվում անշարժ գույք ունենալ երկրում: Բրիտանական The Telegraph պարբերականի տվյակներով՝ ԱՄՆ քաղաքացիություն Աուն Սան Ուն ստացել է դեռ 1973 թ.:
Տարաձայնությունների առարկան եղել է Յանգոնի հայտնի թաղամասերից մեկում երկհարկանի առանձնատունը, որը նախկինում պատկանել է Աուն Սան Սու Չժիի և նրա եղբոր ծնողներին: Նրանց հայրը սպանվել է 1947 թ. , մայրը մահացել է 1988 թ.: Նույն թվականին Սու Չժին գլխավորել է ընդդիմադիր Հանուն ժողովրդավարության ազգային լիգան, իսկ 1989 թ. նա տնյաին կալանքի է ենթարկվել: 1995 թ. նա ազատ է արձակվել, սակայն 2000-ականների գրեթե ողջ առաջին տասնյամյակը նա դարձյալ կալանքի տակ է անցկացրել: Այդ ընթացքում նա ապրել է հայրական առանձնատանը:
Այնուամենյանիվ, հայտնի չէ, թե ինչ պատճառով է Աուն Սան Ուն հայց ներկայացրել քրոջ դեմ: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Աուն Սան Ուն համագործակցել է խունտայի հետ: Սակայն նրա կինը հերքել է այդ տարբերակը: Մեկ այլ տեղեկության համաձայն՝ երբ Սու Չժին գտնվում էր տնային կալանքի տակ, եղբայրը ոչ մի անգամ նրան չի այցելել, չնայած որ այդ տարիներին ապրում էր Մյանմարում:
Թե ինչպես կանդրադառնա դատարանի որոշումը Սու Չժիի վրա, չի նշվում: Նրա պաշտպանները կբողոքարկեն վճիռը:












































