Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ստամբուլում տեղի է ունենալու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) հոբելյանական գագաթնաժողովը՝ նվիրված ՍՏՀԿ-ի ստեղծման 20-ամյակին:
Այդ գագաթնաժողովին մասնակցելու են Վրաստանի, Ռումինիայի, Մոլդովայի, Սերբիայի, Ադրբեջանի նախագահները, իսկ Ալբանիան ու Բուլղարիան գագաթնաժողովում ներկայացված կլինեն վարչապետերի մակարդակով: Գագաթնաժողովում նախագահելու են Սերբիան և Թուրքիան, որոնք այս տարի նախագահում են այդ կառույցում: Գագաթնաժողովի ժամանակ ստորագրվելու է հարաբերությունների զարգացման փաստաթուղթ՝ Ստամբուլյան հռչակագիրը:
Գագաթնաժողովում քննարկվելու են բազմաթիվ հարցեր, որոնցից մեկը տրանսպորտային միջանցքի կառուցումն է: Խոսքը Սև ծովի ափագծի երկայնքով մոտ 7700 կիլոմետրանոց ճանապարհի կառուցման մասին է, որով կիրականացվեն ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ: Քննարկվելու է նաև ՍՏՀԿ-ի անդամ երկրների միջև վիզային ռեժիմի դյուրացման և էներգետիկ համագործակցության զարգացման հարցերը:
Հիշեցնենք, որ ՍՏՀԿ-ն իրենում ներառում է սևծովյան և հարավբալկանյան 12 երկրներ՝ Հայաստան, Բուլղարիա, Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Սերբիա, Ալբանիա, Թուրքիա, Ադրբեջան: ՍՏՀԿ-ի անդամ երկրների տարածքը կազմում է 20 միլիոն կիլոմետր քառակուսի, իսկ բնակչությունը՝ 340 միլիոն մարդ: ՍՏՀԿ-ի շտաբ-բնակարանը գտնվում է Ստամբուլում:
ՍՏՀԿ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ունեն Ավստրիան, Բելառուսը, Գերմանիան, Եգիպտոսը, Իսրայելը, Իտալիան, Լեհաստանը, Սլովակիան, ԱՄՆ-ը, Թունիսը, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեխիան:









































