Եվրամիությունը շարունակում է բանակցությունները Ռուսաստանի հետ Սիրիայի ճգնաժամը լուծելու, այդ թվում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի ծրագիրն իրականացնելու շուրջ: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիլյամ Հեյգը:
«Ռուսաստանը, իհարկե, պաշտպանում է Անանի ծրագիրը, սակայն հարցն այն է, թե ինչպես մենք պետք է իրականացնենք այն: Առայժմ մենք համաձայնության չենք եկել Ռուսաստանի հետ, սակայն շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել»,- ասել է նա՝ Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:
Ռուսաստանն իր հերթին Անանի ծրագրին այլընտանք չի տեսնում: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենք անհրաժեշտ են համարում ավելացնել միջազգային դիտորդների թիվը Սիրիայում, եթե միաժամանակ քաղաքներից դուրս գան և՛ ընդդիմության, և՛ կառավարական զորքերը:
Հեյգը հրաժարվել է հայտնել, թե ինչ սպասումներ ունի ինքը երեքշաբթի Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի Խորհրդի նիստից, որը հրավիրել է Թուրքիան՝ Սիրիայի կողմից թուրքական ինքնաթիռին հարվածելու հարցը քննարկելու համար։
«Մենք կլսենք Թուրքիայի զեկույցը, թե ինչ է կոնկրետ տեղի ունեցել: Ես չեմ ցանկանում կանխատեսել՝ ինչ տեղի կունենա դրանից հետո»,- ասել է նա:








































