Եգիպտոսի կառավարությունը վարչապետ քամալ Ալ-Գանզուրիի գլխավորությամբ ամբողջ կազմով ցած է դրել իր լիազորությունները, իսկ հետո համաձայն օրենքի՝ հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի բարձրագույն խորհրդի ղեկավար մարշալ Հուսեյն Տանտավին: Այս մասին հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը:
Մյուս կողմից, ինչպես հաղորոդում է եգիպտական Masrawi ինտերնետ-ռեսուրսը, Տանտավին նախարարների կաբինետին խնդրել է կարատրել իր պարտականությունները մինչև նորընտիր նախագահ Մուհամմադ Մուրսիի երդմնակալությունը:
Կիրակի Եգիպտոսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները՝ հաղթող հայտարարելով «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչ Մուհամմադ Մուրսիին: Ընտրությունների արդյունքների հրապարակումից առաջ Եգիպտոսի վարչապետ Քաամալ Ալ-Գանզուրին հանդես էր եկել հայտարարությամբ՝ ամփոփելով կառավարության աշխատանքները: Գանզուրիի խոսքերով՝ նախարարների կաբինետը, իշխանության գալով երկրի համար բարդ ժամանակաշրջանում, իր աշխատանքում ղեկավարվել է բացարձակապես ժողովրդի շահերով:
«Մենք կարողացել ենք կայունացնել անվտանգությունը և թույլ չտալ տնտեսական փլուզումը: Դա ամենակարևորն է մեր աշխատանքում»,- ասել էր վարչապետը:
Ակնկալվում է, որ առաջիկայում բոլոր նախարարությունները զեկույց կպատրաստեն իրենց կատրած և նախատեսվող աշխատանքների վերաբերյալ: Այդ փաստաթղթերը կփոխանցվեն երկրի ընտրված ղեկավարին:







































