Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին Իրանի փոխնախագահ Ալի Սաիդլոն ժամանելու է Թուրքիա։ Այցը թուրքական լրատվամիջոցը վերնագրել է որպես ճգնաժամային: Այդ մասին հայտարարել է Անկարայում Իրանի դեսպանատունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Իրանի փոխնախագահը Թուրքիայում քննարկելու է երկկողմանի տնտեսական հարաբերությունների հարցը: Բացի այդ, դեսպանատունը նշել է, որ այդ այցը կապված չէ հունիսի 22-ին Սիրիայի կողմից Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-4 ինքնաթիռի կործանման հետ և պլանավորված է եղել այդ միջադեպից առաջ:
Նշվում է, որ հինգշաբթի էլ Թուրքիա է ժամանելու Իրանի մշակույթի նախարար Սեյիդ Մուհամեդ Հուսեյնին՝ կապված Թուրքիայում Իրանի մշակութային օրերի անցկացման հետ:






































