ԱԺ առաջին նիստերը «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի մոտ դեժավյուի զգացողություն են առաջացրել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ այս խորհրդարանում 4 քաղաքական ուժ է այս կամ այն չափով քննադատում կառավարության ծրագիրը, բայց որակական առումով դժվար է նկատել շատ մեծ տարբերություն նախորդ ԱԺ-ի հետ, և կառավարության ծրագիրը նույնպես չի տարբերվում նախորդից:
«ԲՀԿ-ին չեմ կարող անվանել ընդդիմադիր, եթե ինքն իրեն չի անվանում ընդդիմադիր»,- նկատեց Ս. Սաֆարյանը` նշելով, որ ներկայիս քաղաքական գործընթացների, այդ թվում՝ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման վրա ազդեցություն ունի ոչ թե երկրի խնդիրները լուծելու ձգտումը, այլ դա նախագահական ընտրությունների նախապատրաստություն է:
ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի գնահատականով՝ ԱԺ-ում չէր քննարկվում կառավարության ծրագիրը, այլ այդ քննարկումները քաղաքականացված էին: Նա հերքեց հնչած մեղադրանքները, թե ՀՀԿ պատգամավորները ցինիզմով են արձագանքել ընդդիմությանը:
Ս. Սաֆարյանի կարծիքով՝ ԱԺ-ում այդպես էլ չձևավորվեց այն քաղաքական մշակույթը, չհստակեցվեցին չափանիշները, թե ինչպիսին պետք է լինի կառավարության ծրագիրը, հետևաբար` կառավարությունը պետք է ասի, որ այն լավն է, իսկ ընդդիմությունը պետք է քննադատի:
Հ. Հակոբյանը հայտարարեց, թե իշխանությունները 1990-ից սկսած պայքարել են աղքատության դեմ` վարելով մեղմացման քաղաքականություն, իսկ հիմա կառավարությունը տանելու է աղքատությունը վերացնելու քաղաքականություն ` ապահովելով կրթությամբ, ֆինանսական ռեսուրսներով` ստեղծելով 100 հազար աշխատատեղ: Ըստ նրա` երկրում կան շուրջ 200 հզ. քաղաքացիներ, որոնք աշխատանք չունեն, բայց զբաղվածության կենտրոն չեն դիմել, չեն գրանցվել և պաշտոնապես գործազուրկ չեն համարվում:
«Առաջին լրատվական»-ի հարցին` եթե մինչ այս կառավարությունը մեղմում էր աղքատությունը, արդյունքում այն աճեց և որոշ գնահատականներով՝ 60-80% է, ապա ի՞նչ է սպասվում այն վերացնելու քաղաքականության արդյունքում, Հ. Հակոբյանը պատասխանեց՝ աղքատությունը վերջին չորս տարում աճել է 10%-ով՝ 26-ից դառնալով 36%.
«Տեսանք, որ մեղմացումը ճիշտ ճանապարհը չէ, դրա համար գնում ենք վերացման ճանապարհով»: Ըստ նրա` կան աղքատության չափորոշիչներ, որոնք խստացվել են, այդ պատճառով ավելացել է աղքատությունը. «Պահանջն է մեծացել, որի արդյունքում աղքատության շեմը մեծացել է»:








































