Սիրիայի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել զինված ընդդիմության հետ զուգահեռ դուրս բերել զորքերը քաղաքներից: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով այսօր հանդիպում է ունեցել Սիրիայի իր գործընկերոջ՝ Վալիդ Մուալլեմի հետ:
«Սիրիայի հարցով առաջիկա համաժողովի վերաբերյալ մեր տեսությունը, որպես կարևոր դրույթ, ներառում է այն, որ և՛ կառավարական զորքերը, և՛ զինված ընդդիմությունը միջազգային դիտորդների հսկողության տակ պետք է զուգահեռաբար դուրս գան քաղաքներից և բնակավայրերից: Սիրիայի կառավարությունը պատրաստ է դրան, այսօր այդ մասին ինձ հայտնել է նախարարը»,- ասել է Լավրովը՝ Rossia-24-ին տված հարցազրույցում:
Լավրովի խոսքերով՝ Սիրիայի ԱԳՆ-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում նախագահ Բաշար Ալ-Ասադի անունից հաստատել է, որ քաղաքներից զուգահեռաբար զորքերի դուրս բերելու մասին պայմանավորվածությունն աջակցություն կստանա և կիրականացվի պաշտոնական Դամասկոսի կողմից:
«Այժմ մենք պետք է այնպես անենք, որ դրան պատրաստ լինի նաև հակառակ կողմը, և Սիրիայում աշխատող ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը կազմի համապատասխան ծրագրերը և հետևի դրանց կատարմանը»,- ավելացրել է Լավրովը:
Հիշեցնենք, որ, չնայած ՄԱԿ-ի և ԱՊԼ–ի բանագնաց Քոֆի Անանի ծրագրին, Սիրայում բռնության ալիքը չի դադարում. Ամեն օր զանգվածային զոհերի մասին նոր տեղեկություններ են հաղորդվում: Հակամարտության ավելի քան մեկ տարվա ընթացքում, ըստ տարբեր տեղեկությունների, զոհվել է մինչև 15 հազար մարդ:







































