Ադրբեջանական Vesti.az-ին տված հարցազրույցի ժամանակ վրացական «Արսենալի» անկախ ռազմա-վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլին անդրադարձել է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վարձակալման խնդիրներին.
«Որքանով ինձ հայտնի է ռուսական մամուլի հրապարակումներից, Ադրբեջանը Գաբալայի ՌՏԿ-ի վարձավճարը 7 միլիոն դոլարից հասցրել է 300 միլիոն դոլարի: Դա չափազանց մեծ գումար է անգամ Ռուսաստանի համար: Առավել ևս, որ Ռուսաստանն արդեն իսկ հակաօդային պաշտպանության նոր համակարգեր է ստեղծում Հյուսիսային Կովկասում:
Դրա համար էլ ռուս ռազմական փորձագետները հայտարարում են, որ Ռուսաստանը կարիք չունի Գաբալայի ՌՏԿ-ի տարեկան վարձավճարի դիմաց Ադրբեջանին վճարել 300 միլիոն դոլար: Եթե Բաքուն չզիջի տվյալ հարցում, ապա դա կխոսի ադրբեջանական ղեկավարության ուժեղ կողմի մասին:
Մյուս կողմից էլ, իհարկե, պետք է հաշվի առնել այն, որ Ռուսաստանը ռազմավարական շահեր ունի Հարավային Կովկասում և մասնավորապես Ադրբեջանում: Բացի այդ, Գաբալայի ՌՏԿ-ն Մոսկվայի համար ունի ռազմավարական նշանակություն: Պետք է հաշվի առնել այն, որ Կովկասյան լեռները փակում են անմիջական Ռուսաստանի տարածքում ընկած ՌՏԿ-ների տեսադաշտը:
Դրա համար էլ Ռուսաստանին հարմար է Գաբալայում աշխատելը: Պատահական չէ, որ խորհրդային ժամանակներում որպես ՌՏԿ-ի կառուցման վայր է ընտրվել Գաբալան: Մյուս կողմից էլ, ներկայիս պայմաններում այդպիսի վիթխարի ՌՏԿ-ներն արդեն իսկ այդքան արդյունավետ չեն: Ժամանակակից ՌՏԿ-ները մոբիլ են, դրանք կարելի է արագ ապամոնտաժել և ընդամենը մեկ մեքենայով փոխադրել նշանակման վայր»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Գաբալայի ՌՏԿ-ն վարձակալել է 2002 թվականին: Վարձակալության ժամկետը սպառվում է այս տարվա դեկտեմբերին:












































