Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն Քրիստին Լագարդը կոչ է արել Եվրամիության երկրներին ակտիվ գործողություններ ձեռնարկել ԵՄ բանկային համակարգին օգնության համար:
Նրա կարծիքով՝ ԵՄ-ը պետք է «կարիքավոր բանկերին օգնություն ցուցաբերի ոչ թե ուղղակիորեն, այլ երկրների կառավարությունների միջոցով»: ԱՄՀ ղեկավարը կարծում է, որ դրա համար անհրաժեշտ է նման հարցերը լուծելու միասնական մեխանիզմ մշակել:
«Բանկային համակարգի գտնվում է սթրեսի վիճակում,- ասել է Լագարդը:- Անհրաժեշտ է վճռական գործողություններ ձեռնարկել՝ շուկայում վստահությունը վերականգնելու համար: Այս պահին ԵՄ ֆինանսական համակարգի կենսունակությունը հարցականի տակ է»:
Բացի այդ, ԱՄՀ ղեկավարը ենթադրում է, որ եվրոգոտու երկրները պետք է իրենց վրա պարտավորություն վերցնեն լիարժեք արժութային միություն ստեղծելու համար: Իսկ առաջնային խնդիրը վերահսկման միասնական համակարգով և ներդրումների ապահովագրմամբ բանկային միության ստեղծումն է:
«Այս քայլերը պետք է աջակցություն ստանան եվրոգոտում լայն կառուցողական բարեփոխումներով՝ տնտեսական աճի տեմպերը բարձրացնելու համար, ընդ որում՝ կարճաժամկետ հեռանկարներում պետք է ապահովվի վերջնական պահանջարկ՝ բարեփոխումների հետևանքները մեղմելու համար»,- ասել է Լագարդը:






































