2012թ. հունիսի 5-ից հայ-ֆրանսիական հնագիտական պեղումներն ու ուսումնասիրությունները վերսկսվել են Էրեբունի ամրոցի միջնաբերդում: Ինչպես և նախորդ տարիներին, գիտատեխնիկական համագործակցության հայկական կողմը ներկայացնում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, ֆրանսիականը` Ֆրանսիայի Մշակույթի նախարարության հնագիտական ծառայությունները: Որպես պեղումների ձեռնարկող հանդես է գալիս «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը:
Այս տարվա պեղումներով մեկնարկում է Էրեբունիում հայ-ֆրանսիական համագործակցության նոր քառամյա ծրագիրը` 2012-2015թթ. համար:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է, որ աշխատանքների այս փուլը վերաբերում է հնավայրի հարավային առանցքով բացված ուրարտական փողոցի ուսումնասիրության ընդլայնմանը, որն անցնում է Խալդի տաճարի արևելյան ճակատի երկայնքով: Պեղումները թույլ կտան հասկանալ վերջին շրջանի բնակեցումների հերթագայությունը, ինչպես նաև պարզաբանումներ կմտցնեն Խալդի տաճարից հյուսիս բացված շերտերի թվագրման խնդիրներում: Պեղումները նպատակ ունեն նաև պարզաբանել սյունազարդ դահլիճի թվագրման ժամանակաշրջանը` արդյո՞ք այն պատկանում է ուշ ուրարտական ժամանակաշրջանին, թե՞ կառուցվել է Ուրարտուից հետո, նրանից որոշակի խզում ունեցող և կամ աքեմենյան ժամանակաշրջանում:
«Էրեբունի» արգելոց-թանգարանի հետ համատեղ փորձ կարվի հնավայրի նորահայտ արդյունքները ծառայեցնել հուշարձանի նորովի և արդիական հանրահռչակմանը, ինչպես նաև հասարակության տեղաշարժմանը հնավայրում` հնարավորինս ապահովելով պահպանված հատվածների առավելագույն անխաթարություն: 2012թ. ծրագրվում է նաև 2008-2012թթ. իրականացված պեղումների արդյունքների ամփոփիչ ցուցահանդեսի կազմակերպում` արգելոց-թանգարանի և ֆրանսիացի հնագետների համագործակցությամբ:
Ցուցահանդեսը, որը նախատեսվում է «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում, կրելու է «Էրեբունի. երեկ և այսօր» խորագիրը :
Վաղը` 2012թ. հունիսի 23-ին ժամը 11:00-ին Էրեբունի հնավայր կայցելի ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն` ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի և դեսպանության մշակութային համագործակցության հարցերով խորհրդական Ժան Պոլ Մարտենի ուղեկցությամբ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի` 2011թ. հունիսի 25-ին առաջին անգամ այցելելով Էրեբունի` Ա. Ռենոն կարևորել էր հնագիտության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությունը և հավաստիացրել, որ կանի ամեն ինչ ծրագրի շարունակականությունն ապահովելու ուղղությամբ` ինչի իրականացման ականատեսն ենք այսօր:












































