Աֆղան զինվորականները փրկել են 35-40 պատանդների, որոնց թալիբները պատանդ էին պահել Քաբուլի բարձրակարգ հյուրանոցում: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, պատանդների թվում եղել են կանայք և երեխաներ: Associated Press-ի տվյալներով՝ հյուրանոցի վրա հարձակում գործած երեք զինյալներից երկուսը սպանված են: Սպանվել են նաև հյուրանոցի անվտանգության երեք աշխատակիցներ և մեկ ոստիկան:
Պատանդներին ազատելու գործողությունը շարունակվել է ավելի քան 8 ժամ: Աֆղանստանի անվտանգության ուժերից բացի` դրան մասնակցել են ՆԱՏՕ-ի զինվորականները, այդ թվում` ավիացիան:
Քաբուլի արվարձաններից մեկում գտնվող Spozhmai հյուրանոցի վրա հարձակումն իրականացվել է հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը: Սկզբում հաղորդվում էր, որ գրոհին մասնակցել են մի քանի մարդ՝ զինված ինքնաձիգներով և նռնականետերով, և մի քանի մահապարտներ: Ավելի ուշ զինվորները պարզեցին, որ նրանք եղել են երեքը:
Ներխուժելով հյուրանոցի տարածք՝ զինյալները մարտի մեջ էին մտել անվտանգության աշխատակիցների հետ: Նրանց կողմից պատանդներ վերցնելուց հետո հյուրանոցը շրջափակվել է, իսկ ակտիվ փոխհրաձգությունը ամբողջ գիշեր շարունակվել է:










































