Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան ու ԵՄ-ն առաջին պատամական քայլն են կատարել վիզային ռեժիմի չեղյալ հայտարարման հարցում՝ ստորագրելով հետընդունման ու փոխըմբռնման մասին հուշագիր: Թուրքիայի կողմից այն ստորագրել է ԵՄ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Սալիմ Ենելը, իսկ ԵՄ-ի կողմից՝ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները:
Ակնկալվում է, որ առաջիկա 2.5-3 տարում Թուրքիայի քաղաքացիները կօգտվեն վիզային ռեժիմի դյուրացումից, ինչից հետո կմեկնարկեն վիզային ռեժիմի վերացման շուրջ բանակցությունները:
Մեկնաբանելով հուշագրի ստորագրումը՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար ու գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ վիզային ռեժիմի վերացման հարցում առաջին անգամ տեսնում է թունելի լույսը: Նա հավելել է, որ վիզային ռեժիմի վերացմամբ վերջ կտրվի ԵՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ խտրական վերաբերմունքին:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ թուրքական մամուլը գրել էր, թե վիզային ռեժիմի դյուրացումը կարող է տեղի ունենալ արդեն 2013 թվականին, իսկ թուրք քաղաքացիները Շենգենյան երկրներում կկարողանան առանց վիզայի շրջել 2018 թվականից սկսած:








































