Թուրքական Internet Haber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի անվտանգության ուժերը «Քիրքուք-Յումուրթալըք» (Ջեյհան) նավթամուղի թուրքական հատվածում կանխել են խողովակաշարի պայթեցման փորձը: Այդ նավթամուղով իրաքյան նավթը հասնում է Թուրքիա:
Իրաքին սահմանակից Շըրանքի նահանգի Իդիլ շրջանում հայտնաբերվել է 50 կիլոգրամանոց պայթուցիկ, որը վնասազերծվել է: Ավելի վաղ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները տվյալ հատվածում մի քանի անգամ իրականացրել են դիվերսիաներ:
Վերջին անգամ «Քիրքուք-Յումուրթալըք» նավթամուղը պայթեցվել է այս տարվա ապրիլի սկզբին: Այն ժամանակ Թուրքիային իրաքյան նավթի մատակարարումը դադարեցվել էր մեկ շաբաթով:







































