Հարավկորեական Samsung Electronics ընկերությանն առաջին անգամ հաջողվել է «արտոնագրային պատերազմներ» գործի շրջանակում շահել ամերիկյան Apple կորպորացիայի դեմ դատը: Այս մասին հայտնում է «Վեստի Էկոնոմիկան»:
Փոխհատուցման չափը կհաշվարկվի հաջորդ երկու ամսվա ընթացքում, վերջնական գումարը կորոշվի` ըստ Նիդեռլանդներում 2010-ի օգոստոսի 4-ից արտոնագիրը խախտած Apple-ի արտադրանքի վաճառքի ծավալի:
Փորձագետները համարում են, որ այդ որոշումը խորհրդանշական բնույթ է կրում, սակայն զգալիորեն ամրապնդում է հարավկորեական ընկերության դիրքերը, քանի որ դատարանն առաջին անգամ հաղթանակը տվել է Samsung-ին այն պահից սկսած, երբ ընկերությունը ամբողջ աշխարհում հայցեր է ներկայացրել Apple-ի դեմ` նրան մեղադրելով տեխնիկական արտոնագրերի խախտման մեջ:
Արտոնագրային հողի վրա երկու ընկերությունների ճակատամարտը սկսվել էր անցած տարվա ապրիլին: Apple-ը բողոք էր ներկայացրել Samsung-ի դեմ` դիզայնի, ինտերֆեյսի և փաթեթավորման արտոնագրերի խախտման վերաբերյալ: Ի պատասխան` հարավկորեական հսկան նրան մեղադրել էր տվյալների անլար փոխանցման տեխնոլոգիայի, սխալների ուղղման և սարքի էներգասպառումը նվազեցնելու միջոցի` իրեն պատկանող արտոնագրերի խախտման մասին:









































