Ինդոնեզիայում աղետի ենթարկված Superjet 100-ի աղետի հետաքննության նախնական փուլն ավարտվել է, տեխնիկական անսարքություններ չեն հայտնաբերվել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ITAR-TASS-ը, այսօր լրագրողներին հայտնել է Միացյալ ավիաշինական կորպորացիայի նախագահ Միխայիլ Պողոսյանը:
«Հետաքննության նախնական փուլն ավարտվել է, գաղտնազերծվել են ինքնագիրների ձայնագրությունները, առևտրի ու արդյունաբերության նախարարության ներկայացուցիչները ճշտում են բոլոր մանրամասները, սակայն արդեն կարելի է խոսել այն մասին, որ ինքնաթիռի համակարգերի աշխատանքում ոչ մի անսարքություն չի եղել»,- ասել է նա:
Պողոսյանը դժվարացել է ասել` որքան է դեռ շարունակվելու հետաքննությունը, սակայն հույս է հայտնել, որ «այն շատ ժամանակ չի խլի»:
Հիշեցնենք, որ Sukhoi Superjet 100-ն աղետի էր ենթարկվել Ինդոնեզիայում ցուցադրական թռիչքի ժամանակ հունիսի 9-ին:
Ինքնաթիռում գտնվել էր 45 մարդ, այդ թվում` 8 ռուս, Ինդոնեզիայի 35 քաղաքացի, ինչպես նաև 1 ֆրանսիացի ու ամերիկացի: Բոլորն էլ զոհվել էին:









































