Հոլանդիայի ազգային հավաքականի ավագ Մարկ վան Բոմելը հայտարարել է ազգային հավաքականում ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին: Այդ մասին է հայտնում Հոլանդիայի Ֆուտբոլի միության պաշտոնական կայքը:
«Եթե անկեղծ լինեմ, չեմ ցանկանում լքել ազգային ընտրանին: Գուցե ապագայում հավաքականի մարզիչը զգա իմ կարիքը: Այն ժամանակ ես կվերանայեմ որոշումս: Սակայն ներկայումս ես կարծում եմ, որ անհրաժեշտ է երիտասարդներին զիջել ճանապարհը»,- ասել է ֆուտբոլիստը:
Հոլանդիայի ընտրանու կազմում վան Բոմելը հանդես է գալիս 2000 թվականից: Նա մասնակցել է ազգային հավաքականի 79 հանդիպումների:
Հիշեցնենք, որ «Եվրո-2012»-ում հոլանդացիները զբաղեցրել են B խմբի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը` զիջելով Դանիայի (0:1), Գերմանիայի (1:2) և Պորտուգալիայի (1:2) ազգային հավաքականներին:







































