Նիգերիայի հյուսիսում վերջին օրերին սկսված մարտերի հետևանքով սպանվել է առնվազն 80 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանության և Կարմիր խաչի տվյալները: Իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման զինյալները արդեն երրորդ օրը Դամատուրու քաղաքի փողոցներում կատաղի մարտեր են մղում ոստիկանների և զինվորականների հետ:
Բացի այդ՝ մուսուլմանների և քրիստոնյաների միջև զինված բախումներ են սկսվել Կադունա քաղաքում, որտեղ մի քանի օր առաջ երեք եկեղեցի պայթեցվեց:
Այս իրադարձությունների պատճառով կառավարությունը պարեկային ժամ է հայտարարել Նիգերիայի հյուսիսային մի շարք քաղաքներում, սակայն դա առայժմ չի օգնում թուլացնել բռնության ալիքը:
«Բոկո Հարամ»-ի զինյալները երկրի հյուսիսում ցանկանում են իսլամական էմիրություն ստեղծել՝ հիմնված շարիաթի օրենքների վրա: Բացի այդ՝ նրանք պահանջում են առավելապես մուսուլմանաբնակ հյուսիսից վտարել բոլոր քրիստոնյաներին և հեթանոսներին:
Նախկինում «Բոկո Հարամը» դիմում էր միայն պայքարի ահաբեկչական մեթոդների՝ խուսափելով ոստիկանության և զինվորների հետ ուղղակի զինված բախումներից: Սակայն վերջին ամիսներին խմբավորումը բավական հզորացել է՝ քաղաքային մարտերում կառավարական զորքերին դիմադրություն ցույց տալու համար:
Նիգերիան պայմանականորեն բաժանված է աղքատ հյուսիսի, որը բնակեցված է մուսուլմաններով, և նավթով հարուստ հարավի, որտեղ մեծամասնությունը քրիստոնյաներն են ու ավանդական հավատալիքներ ունեցող բնակիչները:







































