Կառավարության ծրագրի քվեարկության դեմ կամ կողմ հաշվարկը, թերևս, տեխնիկական արարողակարգ է այն պայմաններում, այսինքն՝ այն քաղաքական ստատուս-քվոյի պարագայում, որ կա խորհրդարանում: Քվեարկության վիճակագրությունը էական է այլ՝ քաղաքական ասպեկտում: Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն որոշել է, որ քվեարկելու է դեմ: Դեմ լինելու մասին հայտարարել է նաև Հայ ազգային կոնգրեսը, կասկած չկա, որ դեմ կքվեարկի նաև Դաշնակցությունը:
Հարաբերական անորոշություն է «Ժառանգության» պարագայում, բայց քիչ հավանական է, որ իրեն ընդդիմադիր հռչակած կուսակցությունը կողմ քվեարկի կառավարության ծրագրին, առավել ևս ներկայիս հասարակական-քաղաքական ֆոնի պարագայում, որում «Ժառանգությանը» փորձում են ներկայացնել որպես իրականում ՀՀԿ հետ համագործակցող ուժ: «Ժառանգությունը» թերևս կփորձի ցույց տալ, որ այդպիսին չէ և դեմ կքվեարկի կառավարության ծրագրին: Այստեղ խնդիրը, սակայն, բոլորովին այլ է:
Խորհրդարանական ընդդիմություն հայտարարված ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», Դաշնակցությունը, փաստացի կանգնած են ընդդիմություն չհայտարարված ԲՀԿ-ի ստվերում, և կառավարության ծրագրի քվեարկությունը, երբ ԲՀԿ-ն էլ քվեարկում է դեմ, վկայում է հենց այդ մասին: Պարզ է, թե ինչ տրամաբանությամբ է դեմ քվեարկում ԲՀԿ-ն: ԲՀԿ-ն փորձում է ինքնահաստատվել քաղաքական դաշտում՝ որպես ընդդիմադիր նշաձողի կրող: Թե հետագայում ինչպես կօգտագործվի այդ նշաձողը, ցույց կտա ժամանակը: Այն կօգտագործվի կամ Սերժ Սարգսյանի համար ֆոնի, կամ Ռոբերտ Քոչարյանի համար ցատկահարթակի նպատակով: Սակայն ակնհայտ է, որ ընդդիմադիր ուժերը ներկայումս կանգնած են հենց այս կամ-կամի ստվերում և, կամա թե ակամա, աջակցելու են այդ ֆոնի կամ ցատկահարթակի ձևավորմանը: Կամ դառնալու են Սերժ Սարգսյանի գործիքը՝ ընդդեմ հասարակության և Քոչարյանի, կամ Քոչարյանի գործիքը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի և հասարակության:
Առայժմ փաստն այն է, որ քվեարկելով կառավարության ծրագրի դեմ, այդ ուժերը փաստացի քվեարկում են ԲՀԿ-ի կողմ, և թեև առայժմ անորոշ է, թե հատկապես որ ԲՀԿ-ի կողմ, այնուամենայնիվ նրանց այդ աջակցությունը ԲՀԿ-ին այլևս հնարավոր չի լինելու հետ վերցնել, ինչպես որ Հայ ազգային կոնգրեսը ներկայումս անկարող է հետ վերցնել ԲՀԿ-ին ցուցաբերված նախընտրական աջակցությունն ու ստիպված վերցրել է այդ գնով ձեռք բերած 7 մանդատները:
Ընդդիմադիր ցանկացած ուժ, որ շահագրգռված է Հայաստանում այլընտրանքային քաղաքական գործընթացով, թերևս, պետք է ստեղծված իրավիճակում պարզորոշ գիտակցի, որ խորհրդարանում այլ գործընթացի շանսերը փակված են: Հետևաբար, ինչ կոճակ էլ սեղմեն ընդդիմադիրները թե՛ կառավարության ծրագրի, թե՛ այլ օրինագծերի վերաբերյալ, միևնույն է, այդ սեղմումները տեղավորվում են միևնույն խաղի տրամաբանության մեջ: Խաղ, որում ընդդիմությունը վերածվել է նույնիսկ ոչ պահեստային խաղացողի, այլ գնդակ բերող պատանու և ներկայումս գնդակներ է մատակարարում «Բարգավաճ Հայաստանին»՝ նրան հնարավորություն տալով ավելի ու ավելի արդյունավետ հաստատվել ընդդիմադիր հարթության վրա, միևնույն ժամանակ պահպանելով ներիշխանական մանևրների հնարավորությունը: Փոխարենը, մանևրի հնարավորությունից զրկվում է ընդդիմությունը և նաև այն հասարակությունը, որի անունից ընդդիմադիրները հանդես են գալիս խորհրդարանում:
Այստեղ կա երկու տարբերակ՝ կա՛մ հարմարվել այդ խաղին, կա՛մ փորձել խորհրդարանից դուրս ձևավորել նոր խաղահրապարակ և սկսել նոր խաղ, որի հիմքում կլինեն նոր քաղաքացիական համախմբմանը միտված նոր գաղափարներ, որոնք հնարավորություն կտան ընդդիմությանը դուրս գալ ուրիշի գնդակի հետևից վազողի այդ կարգավիճակից, առավել ևս, որ հետո այդ ուրիշը հազիվ թե նրանց թողնի որևէ խրախուսական գնդակ:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































