Russia Today հեռուստաալիքի ղեկավարությունը չի բացառում Ջուլիան Ասանժի հետ համագործակցությունը, որը այսօր` հունիսի 20-ին, դիմել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատուն` խնդրելով իրեն տրամադրել քաղաքական ապաստան:
Հունիսի 14-ին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը մերժել է Ասանժին վերանայել Շվեդիա իր արտահանձնման գործը, որտեղ նա կասկածվում է սեքսուալ բնույթի հանցագործության կատարման մեջ:
«Շոուի բոլոր էպիզոդները, որոնց համար Ասանժի հետ պայմանագիր էր կնքվել, արդեն նկարահանվել են: Եթե նրան Էկվադորն ընդունի, ու ստեղծվեն աշխատանքային նորմալ պայմաններ, մենք, հնարավոր է, նոր պայմանագիր կկնքենք հաջորդ թողարկումների համար»- ասել է Russia Today-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը՝ BBC-ի ռուսական ծառայության հետ զրույցում:
RT-ի մամլո ծառայության տվյալներով` Ասանժի հետ պայմանագիր էր կնքվել շոուի 12 էպիզոդների նկարահանման վերաբերյալ, որոնցից 10-ն արդեն եթեր են դուրս եկել: Ասանժի ծրագիրը եթեր է դուրս գալիս շաբաթը մեկ անգամ:
Russia Today հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի կառավարության կողմից, եթեր է հեռարձակվում անգլերենով, իսպաներենով ու արաբերենով: RT-ի հաղորդումները մալուխային ու արբանյակային հեռարձակմամբ դիտում են աշխարհի շատ երկրներում:







































