Haber Turk-ի փոխանցմամբ՝ Վանի ձերբակալված քաղաքապետ, քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) անդամ Բեքիր Քայան ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինն այդ որոշումը հիմնավորել է Վանի ծանր հանցագործությունները քննող 3-րդ դատարանի որոշմամբ, որում Բեքիր Քայան ճանաչվել է որպես «ապօրինի կազմակերպության անդամ»:
Բեքիր Քայան դեռ կարող է բողոքարկել այդ որոշումը:
Հիշեցնենք, որ Բեքիր Քայան մի շարք ազդեցիկ քուրդ գործիչների հետ ձերբակալվել է այս տարվա հունիսի 7-ին: Այն բանից հետո, ինչ ԽԺԿ-ն խոշոր հաջողության հասավ 2009 թվականի մարտին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում, նրա անդամները սկսեցին ենթարկվել հալածանքների:
Ներկայիս դրությամբ՝ թուրքական բանտերում են գտնվում 354 քաղաքապետեր, 6 պատգամավորներ և ՏԻՄ ավելի քան 190 անդամներ:











































