Ցանկացած կառավարություն վստահության քվե կարող է ակնկալել միայն այն դեպքում, երբ չի արձանագրել լրջագույն ձախողումներ: Այսօր կայացած ԱԺ արտահերթ նիստում այս մասին ասել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Մենք այսօր ունենք 35,8 տոկոս աղքատություն, որը շարունակում է աճել: Բացի այդ, օրեցօր ահագնանում է արտագաղթը: Հայաստանից ամեն օր հեռանում է 450 մարդ կամ համեմատության համար՝ մեկ գյուղ կամ մեկ բարձրահարկ շենքի բնակչություն: Սրանք մարդկային խեղված ճակատագրեր են:
Եվ այս ամենի ֆոնին կառավարությունը կրկին հավակնում է ստանալ մեր բոլորի վստահության քվեն: Չի կարելի այս ամենից հետո խրոխտ կեցվածքով գալ, կանգնել ու վստահության քվե ակնկալել: Նույն թիմը՝ նույն վարչապետի գլխավորությամբ, ցանկանում է շարունակել իր չհաջողած գործը: Այդ է պատճառը, որ ԲՀԿ-ն իր ողջ կազմով դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:








































