Մադրիդի «Ռեալ»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը ռասիստական վիրավորանքների է ենթարկվել Twitter սոցիալական ցանցում: Այդ մասին են տեղեկացնում իսպանական լրատվամիջոցները:
«Եվրո-2012»-ի խմբային փուլի Գերմանիա-Դանիա հանդիպմանը գերմանացիների հաղթանակ տանելուց հետո Twitter-ի` @Piraten Online հասցեով հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն է հայտնվել. «Կարելի է հաստատ ասել, որ Օզիլը գերմանացի չէ: Հաղթանակը չի փոխում նրա ծագումը: Գերմանիայի ազգային հավաքականում չպետք է խաղան ֆուտբոլիստներ, ովքեր չեն կրում գերմանական ազգանուններ»:
Ֆուտբոլիստի իրավաբանն արդեն արձագանքել է միջադեպին և պատրաստ է պարզել հեղինակի ինքնությունն ու քրեական պատասխանատվության ենթարկել նրան:
Հիշեցնենք, որ Օզիլը ծագումով թուրք է:










































