Խորհրդարանի այսօրվա նիստում քննարկվում է կառավարության ծրագիրը, որը պետք է հաստատվի ԱԺ-ում: Այդ առումով, պետք է ասել, ինտրիգ երևի թե չկա: ՀՀԿ-ն ու «Օրինաց երկիր»-ը բավական ձայներ ունեն կառավարության ծրագիրը հաստատելու համար, և մյուս խմբակցությունների դիրքորոշումները ոչ մի նշանակություն չունեն:
Նիստում ավելի ուշագրավ է մեկ այլ բան, որ տեղի է ունեցել ԱԺ կանոնակարգի համաձայն: Մյուս խմբակցությունները հերթով հայտարարել են ընդդիմություն լինելու մասին՝ բացառությամբ «Բարգավաճ Հայաստան»-ի, որն, ինչպես հայտնի է, չի մտել իշխանական կոալիցիայի մեջ: ԲՀԿ-ն որևէ հայտարարություն չի արել՝ հստակեցնելու համար՝ ինքն ընդդիմություն է, թե ոչ: Երևի թե «Բարգավաճ Հայաստան»-ն ավելորդ է համարում նման հայտարարություններ անել՝ մտածելով, որ բոլորն են հասկանում՝ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ:
Ընդդիմություն լինելու համար հարկավոր է լինել քաղաքական ուժ, մինչդեռ ԲՀԿ-ն քաղաքական ուժ չէ, այլ գլխավորապես բարեգործական կազմակերպություն, որը դեռ կարգին չի էլ որոշել, թե արդյոք ուզո՞ւմ է զբաղվել քաղաքականությամբ: «Բարգավաճ Հայաստան»-ն ընդամենը քաղաքական գործիք է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ձեռքին: Նրանցից յուրաքանչյուրը փորձում է այդ գործիքը հնարավորինս շատ տնօրինել: ԲՀԿ-ի պարագայում ավելին դեռևս գոյություն չունի: Եվ սա խնդիր է Հայաստանի քաղաքական դաշտի համար, Հայաստանի համար, որովհետև երբ կա նման մի ահռելի զանգված քաղաքական դաշտում, որը ընդամենը գործիք է, ոչ թե քաղաքական միավոր, ապա այդ պարագայում մեծ է անկառավարելի իրավիճակի վտանգը: Ի վերջո, ներկայումս Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը միմյանց հետ խաղում են որոշակի տրամաբանությամբ, փոխադարձ զսպման մեխանիզմներով, առավելագույն սահմանի պահպանմամբ, որպեսզի չանցնեն դրանից այն կողմ, երբ արդեն կարող է առաջանալ ուղղակի բախում, ինչը կարող է կործանարար լինել երկուսի համար էլ:
Բայց ինչ կլինի, եթե կամ Ռոբերտ Քոչարյանը, կամ Սերժ Սարգսյանը դուրս գա այդ պայմանավորվածությունների տրամաբանությունից և անցնի արգելակների սահմանը: Կարելի է պատկերացնել, թե նրանք ինչեր կարող են անել՝ տնօրինելով ԲՀԿ-ն կամ ԲՀԿ-ի իրենց մասը: Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը վերջապես դառնա քաղաքական ուժ և այդպիսով՝ կանխատեսելի հասարակության համար: Սակայն ԲՀԿ-ն չունի այդ ռեսուրսը, առավել ևս, որ դա չի բխում թե Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի շահից: Թե Սարգսյանի, թե Քոչարյանի համար անհրաժեշտ է, որ Գագիկ Ծառուկյանը ընդամենը հանդիսանա իրենց կատարածուն:
Ավելին, նրանք անգամ համաձայն են ինչ-որ առումով ժամանակավոր, որպես միջանկյալ լուծում «կիսել» Ծառուկյանին, բայց չգնալ նրան քաղաքականացնելու ռիսկին, երբ Ծառուկյանի մոտ կարող է ռեալ քաղաքական շահ ձևավորվել, ինչի հետևանքով Ծառուկյանը կարող է դառնալ որոշակիորեն անկախ, և այդպիսով շատ դժվար կլինի նրան օգտագործել որպես սեփական քաղաքականության գործիք: Այդ պատճառով էլ ներկայումս ԲՀԿ-ի անորոշ վիճակը խրախուսվում է թե Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի մոտ, որովհետև նրանք դեռ չեն կորցրել ԲՀԿ-ն «յուրացնելու» և ըստ հայեցողության արդեն միանձնյա տնօրինելու հույսը:









































