Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը երեկ հավանության է արժանացրել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը:
Այս անգամ Մորնինգսթարին հարցեր են ուղղվել տարածաշրջանում առկա իրավիճակին առնչվող մի շարք խնդիրների, ինչպես նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակվելու դեպքում իր առաջնահերթ անելիքների վերաբերյալ: Արդյունքում՝ հայամետ սենատորներ Բարբարա Բոքսերն ու Ռոբետ Մենենդեսը հավանության են արժանացրել Մորնինգսթարի թեկնածությունը:
Պատասխանելով այդ երկու սենատորների հարցերին՝ Մորնինգսթարը հաստատել է Ղարաբաղի հարցում հակամարտող կողմերին ԱՄՆ պետքարտուղարի արած կոչերը, որոնցում խոսք է գնում 1994 թվականի հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման, ինչպես նաև խաղաղության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու մասին:
Մորնինգսթարը խոստացել է նշանակվելու դեպքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեի հետ մեկտեղ գործադրել բոլոր ջանքերը՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Մորնինգսթարը, պատասխանելով Բոքսերի հարցին, խոստացել է, որ անպայմանորեն կայցելի Ջուղա, ուր ոչնչացվել են հազարավոր հայկական խաչքարեր:











































