Մարսելի վերաքննիչ դատարանը հունիսի 19-ին փոխել է ստորին դատական ատյանի կայացրած որոշումը, ըստ որի՝ արգելվել է այս քաղաքում կառուցել Ֆրանսիայի ամենախոշոր մզկիթը: Այս մասին հաղորդել է Agnce France-Presse-ը:
Ավելի վաղ տեղի բնակիչները կարողացել էին հասնել մզկիթի կառուցման արգելմանը` հիմնավորելով, որ այն չի համապատասխանում քաղաքի ճարտարապետական լանդշաֆտին, իսկ նախագիծը բավարար տեղ չի հատկացրել աղոթողների մեքենաները կանգնեցնելու համար:
Ըստ նախագծի` մզկիթում կարող է աղոթել 7 հազար մարդ: Այն ունենալու է 25 մ բարձրությամբ մինարեթ, թեյարան, ռեստորան, մեդրեսե և գրադարան: Շինարարության արժեքը գնահատվում է մոտ 22 միլիոն եվրո:
Մարսելում հսկայական մզկիթի շինարարությանը դեմ էին ոչ միայն տեղի բնակիչները, այլև աջակողմյան կուսակցությունների և խմբավորումների ներկայացուցիչները: Նրանք դեռևս կարող են վերքաննիչ դատարանի որոշումը բողոքարկել Ֆրանսիայի Պետական խորհրդում:
Մարսելցի մուսուլմաններն իրենց հերթին հայտարարել են, որ սկսելու են մզկիթի շինարարությունը` չսպասելով դատարանի հետագա որոշումներին:
Նշենք, որ Մարսելում բնակվում է մոտ 250 հազար մուսուլման, որը կազմում է բնակչության ¼ մասը:









































